ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Կյանքի 75–րդ տարում երեկ` հոկտեմբերի 15–ին, մահացել է ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սիրադեղյանի ազգականներից մեկը։
Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել Վանո Սիրադեղյանը, դեռ հայտնի չէ։
Վանո Սիրադեղյանը ծնվել է Նոյեմբերյանի Կոթի գյուղում 1946թ–ի նոյեմբերի 13–ին։ Եղել է 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից, 1990-1992 և 1997–2000 թվականներին ղեկավարել է կուսակցության վարչությունը, զբաղեցրել է բարձր պաշտոններ։
1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, 1997-98 թթ՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999-ին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։
Սիրադեղյանի անվան հետ են կապում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպումը, ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել։
Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, եղել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր։
Վանո Սիրադեղյանը ամուսնացած է, ունի 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանում որպես տնօրեն։