Հաագայում լսումներն ավարտվել են. Բաքվի պահանջը դատարանից մեկն է` մերժել Հայաստանին

Հաագայի դատարան
Դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ–ի Միջազգային դատարանում այսօր ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին է ներկայացրել իր պահանջները և պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին:
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում: Կոնկրետ ժամկետ դեռևս չի նշվում։
Թաթոյանի զեկույցները ներառվել են ՄԱԿ-ի միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատում
Միջազգային դատարանի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի ներկայացրած պահանջների մասին տեղեկատվություն։
Դրա համաձայն` հայկական կողմը դատարանից պահանջել է ժամանակավոր միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր զինված ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ են հայտնված բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և կալանքի տակ գտնվող այլ անձանց։

Հայաստանը պահանջել է նաև թույլատրել անկախ բժշկական և հոգեբանական փորձաքննություն իրականացնել` հայ գերիների նկատմամբ։ Հայաստանի պահանջների շարքում է նաև, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա հայերի նկատմամբ ատելության քարոզից` այդ թվում ՝ փակի «ռազմավարի պուրակը»։

Դատարանից պահանջվում է նաև Ադրբեջանից պահանջել պահպանել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը` չսահմանափակվելով, եկեղեցիներ, տաճարներ ու մշակութային և հոգևոր հուշարձաններ, տեսարժան վայրեր, գերեզմանատներ և այլ վայրեր այցելության իրավունքը։
Հայաստանը դատարանից պահանջում է կանխել, արգելել և պատժել Ադրբեջանի վանդալիզմը` հայկական ժառանգության նկատմամբ։
Գերիների վերադարձը կարող է արագանալ. Ղազարյանը` ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման մասին
Հայաստանը նաև պահանջում է, որ մինչ դատարանի կողմից միջոցներ կիրառելը Ադրբեջանը զեկույց ներկայացնի դատարանին` իր ձեռնարկված բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ, ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում։ Այնուհետև վեց ամիսը մեկ զեկուցի դատարանին, թե ինչ է արել այդ ընթացքում։
Միջազգային դատարանի կայքում ներկայացված է նաև Ադրբեջանի պահանջը դատարանից։
Այն մեն է` «մերժել ՀՀ–ի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցների կիրառման պահանջը»։
ՄԱԿ-ում խոստացել են Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի մասով որոշում կայացնել հնարավորինս արագ
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16 -ին Հայաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատավարություն սկսեց Ադրբեջանի դեմ` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» համաձայն: Հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», որն արտահայտվել է կոտորածներով, խոշտանգումներով և այլ խախտումներով:
Այդ խախտումները կրկին առաջին պլան են մղվել 2020 թվականի սեպտեմբերի հակամարտության ընթացքում, երբ ադրբեջանական կողմը դարձյալ կոնվենցիայի կոշտ խախտումներ է իրականացրել։
Ինչպես նշված է Հայաստանի կողմից ավելի վաղ ներկայացված հայցում, միջանկյալ միջոցների նպատակն է պաշտպանել և պահպանել Հայաստանի և հայերի իրավունքները հետագա ոտնձգություններից և կանխել վեճի սրումը՝ նախքան գործի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելը, քանի որ հրատապ անհրաժեշտություն կա միջոցներ ձեռնարկել այդ իրավունքները պաշտպանելու համար: