ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` վաստակավոր լրագրող, հեռուստառադիոհաղորդավար Վարուժան Օլքինյանն ու լրագրող, Երևանի մամուլի ակումբի անդամ Վասակ Դարբինյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։
Նշենք, որ խորհրդի անդամների թափուր տեղերի համար հայտ էին ներկայացրել տասնմեկ հոգի՝ Ամասիա Հովհաննիսյանը, Վանիկ Խեչոյանը, Վասակ Դարբինյանը, Իրինա Բարսեղյանը, Միքայել Յալանուզյանը, Վարուժան Օլքինյանը, Շամիր Շախիրյանը, Հովհաննես Երանյանը, Սարգիս Հովսեփյանը, Արման Վարդանյանը, Գագիկ Գինոսյանը։
Հոկտեմբերի 12-ին մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքում Վասակ Դարբինյանն ստացել է հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմ ձանյերը, Վարուժան Օլքինյանը` 4։ Մյուս մասնակիցները ստացել են առավելագույնը 1 կողմ ձայն։
Նշենք, որ Վարուժան Օլքինյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 22-ին, Երևանում։ 1971 թվականից աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյում, հեռուստաընկերությունում։ 1970-ականների սկզբին 2 տարի աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում։ Հայաստանի Հանրային ռադիոյով վարում է «Ռադիոլուր» լրատական ծրագիրը։ Դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնում։ 2013 թվականին Վարուժան Օլքինյանի մասնակցությամբ ստեղծվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի աուդիոտարբերակը՝ ձայնասկավառակի տեսքով։
Վասակ Դարբինյանը ծնվել է 1959թ. հուլիսի 18-ին, Շամշադինում, ավարտել է Երևանի պետական համալսարանի, բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Հայք», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Այբ-Ֆե» թերթերում, «Արմենիա», «Ա1+» հեռուստաընկերություններում։