ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի միջազգային դատարանում խոստացել են սեղմ ժամկետում որոշում կայացնել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ:
«Որոշումը կընդունվի հնարավորինս արագ»,- լսումների ավարտին ասել է դատավորը: Նա պարզաբանել է, որ հստակ ամսաթիվը երկու կողմին կհայտնեն ավելի ուշ։
Ավելի վաղ Երևանը խնդրել էր դատարանին Բաքվի դեմ ժամանակավոր ապահովող միջոցներ կիրառել։ Ադրբեջանն, իր հերթին, ավարտելով բաց լսումների երկրորդ օրը, կոչ է արել մերժել Հայաստանի խնդրանքը միջոցների վերաբերյալ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ին դատարանում սկսվել են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի խախտումների փաստի վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով հարուցված գործի լսումները:
Իր հայցում Հայաստանը մատնանշում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները՝ նշելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի մի քանի հոդվածներ, որոնք Ադրբեջանն արհամարհել է (4-րդ հոդվածի 3-րդ կետ, 7-րդ հոդված, որոնք վերաբերում են ռասիզմը թույլ չտալու մասին պետական իշխանության մարմինների պարտավորություններին):
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության բացահայտ և անպատիժ հռետորաբանություն են արձանագրել նաև պրոֆիլային միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն (CERD), Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային բանաձևի խորհրդատվական կոմիտեն և մի շարք այլ կառույցներ: