ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը։
«Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի հետևանքով տուժում են քաղաքացիական և զինվորական անձինք»,– նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը․ ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
«Կարևորում ենք ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և հետագայում նման միջադեպերի կանխման նպատակով»,– շեշտել է ԱԳՆ–ն։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան: