Իշխանությունն ամեն ինչ անում է զսպող քայլեր ձեռնարկելու համար. Արցախի նախագահի խոսնակ

Լուսինե Ավանեսյան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` ադրբեջանցիները դրսևորում են նույն վարվելակերպը, ինչը եղել է տարիներ ի վեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի համապատասխան կառույցների հետ բանակցելով` կարողանան ինչ–որ զսպող քայլեր ձեռնարկել, որովհետև այս ամենը վտանգում է սեփական տանն ապրելու արցախցիների բնական իրավունքը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը` անդրադառնալով ադրբեջանական վերջին սադրանքներին։

«Երեկվա սադրանքները միակը չէին, որովհետև Ադրբեջանն իր գործելակերպը շարունակեց նաև այսօր շփման գծի հյուսիսարևելյան հատվածում։ Թիրախավորվել էր պաշտպանության բանակի սանիտարական ավտոմեքենան։ Բարեբախտաբար տուժածներ չունենք։ Փառք Աստծո, վիրավորների վիճակը նորմալ է»,–նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։

Ավանեսյանի խոսքով` ադրբեջանցիները դրսևորում են նույն վարվելակերպը, ինչը եղել է տարիներ ի վեր, այն է` ահաբեկել արցախահայերին, թեև կան ավելի խորքային պատճառներ ու քաղաքական նպատակներ, որոնց ձգտում է հասնել Ադրբեջանի իշխանությունը։
Ըստ նրա` վերջին միջադեպերը քննվում են, արվում են համապատասխան վերլուծություններ, ձեռնարկվում են քայլեր, որպեսզի ադրբեջանական սադրանքները չկրկնվեն։
Հայկական կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են կրակող ադրբեջանցուն. տեսանյութ
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան: