ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստան կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` ծանոթանալու այնտեղ գտնվող իրանցի դատապարտյալների ու կալանավորվածների պահման պայմաններին, հայտնում են դատախազությունից:
ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ Մոթազերին շրջել է քրեակատարողական հիմնարկի վարչական, ինչպես նաև պահվող անձանց բնակելի տարածքներում, զբոսահրապարակներում, տեղում ծանոթացել պահվող անձանց կեցության պայմաններին: Նա հետաքրքրվել է նաև դատապարտյալների սննդի որակից և խոհանոցային պայմաններից, ինչպես նաև առօրյայի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներից:
ԻԻՀ գլխավոր դատախազը նաև զրուցել է ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքներն իրենց նկատմամբ ՔԿՀ-ում դրսևորվող վերաբերմունքի, պահման ընդհանուր վիճակի մասին, պատասխանել նրանց հարցերին:
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին գոհունակություն է հայտնել ԻԻՀ քաղաքացիների համար քրեակատարողական հիմնարկում ստեղծված պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի կապակցությամբ:
«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվում է ԻԻՀ 35 քաղաքացի: Նրանցից 10-ի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, 7-ի վերաբերյալ թեև կա կայացված դատավճիռ, սակայն դրանք գտնվում են դատական բողոքարկման փուլում, իսկ 18 անձ նախաքննության կամ դատաքննության փուլում գտնվում են նախնական կալանքի տակ:
ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Իրավական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման համատեքստում հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով 2020-2021թթ. ընթացքում ՀՀ-ի կողմից ԻԻՀ-ին է հանձնվել այդ երկրի 47 քաղաքացի: