ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հակառակ 2020թ–ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանն առայսօր չի վերադարձրել բոլոր հայ գերիներին։
Այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև բոլոր պատանդառված ու բռնի պահվող անձանց։ Սա զուտ հումանիտար հարց է, ու մենք հույս ունենք դրա շուտափույթ լուծման։ Այս համատեքստում ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտել Ադրբեջանի ԶՈւ թիկունքում գտնվող ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին»,– հայտարարեց Փաշինյանը։
Հումանիտար խնդիրների շրջանակում ՀՀ վարչապետը անդրադարձել է Ադրբեջանի մայրաքաղաքում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» գոյության խնդրին։
«Այնտեղ այսպիսի պրակտիկա կար. այցելուները «հիանում էին» գերեվարված կամ սպանված, վիրավոր ու արնահոսող հայ զինվորներին պատկերող մանեկեններով։ Իսկ որ շատ ավելի ցավալի է` այնտեղ էքսուրսիաներ են կազմակերպվում ադրբեջանցի աշակերտների համար, որոնք հպարտորեն հրապարակում են այդ ֆոնին իրենց լուսանկարները սոցիալական ցանցերում։ Վերջերս մնք իմացանք, որ մեր զինվորներին պատկերող մանեկեններն ու սաղավարտները հանվել են պուրակից, և դա առնվազն վատ չէ»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ մինչ այդ ելույթով հանդես էր եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հայտարարել էր, որ պատերազմի ավարտից հետո մինչ օրս Ադրբեջանի 150 քաղաքացի է զոհվել կամ վիրավորվել ականապատ տարածքներում։ Ալիևը նշել էր, որ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանին հանձնել ականապատ դաշտերի ամբողջական քարտեզները, իսկ փոխանցված քարտեզները ընդամենը 25 տոկոսանոց ճշտություն ունեն։