ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ–ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի վիճակը չի բարելավվում` ծանր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպանը` փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Պարոն Չարչյանի վիճակը ծանր է։ Հիվանդության այն տեսակը, որը նա ունի, շաքարային դիաբետի ծանր ձևն է՝ ինսուլինակախյալ։ Մինչև օրս պարոն Չարչյանը շարունակում է ստանալ 100-ից ավելի միավոր ինսուլին»,- նշեց Ալեքսանյանը։
Խոսելով դատաբժշկական եզրակացության մասին` պաշտպանն ընդգծեց, որ մինչ օրս նրանց դա չի տրամադրվել և ամեն օր սպասում են, թե երբ պետք է այն լինի։ Այդ եզրակացության առկայության պարագայում հաջորդ դատական նիտում արդեն վերջնականապես կքննարկվի խափանման միջոցի փոփոխման հարցը։
«Գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ իմ միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց՝ պայմանավորելով հենց այդ եզրակացությունով»,- նշեց Ալեքսանյանը։
Նա հայտնեց նաև, որ ներկա պահին Արմեն Չարչյանը գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, քաղաքացիական հիվանդանոցում չէ։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։