Արցախում զինծառայողների սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազություն
Եթե Ադրբեջանը տվյալներ ներկայացնի, հայկական կողմը պատրաստ է դրանք ևս դարձնել անաչառ քննության առարկա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախում հայկական ԶՈւ մարտական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, ազգային ատելության շարժառիթներով երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելը և ուրիշի գույքը զգալի չափերով դիտավորությամբ ոչնչացնելը):
«Հայ֊ադրբեջանական շփման գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կատարած սադրանքի միջոցով հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ առկա տվյալները փոխանցվել են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչներին: Նրանց հետ ձևավորվել է օպերատիվ կապ»,– տեղեկացնում է դատախազությունը:
Հանցավոր գործողության բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում են այլ քննչական գործողություններ։
Արցախում վիրավորված տղաներին Երևան կտեղափոխեն. օմբուդսմանները քայլեր են անում
Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել դեպքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից տվյալներ ներկայացվելու դեպքում դրանք ևս դարձնել անաչառ քննության առարկա:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-իկ երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան: