ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի հարակից դիրքերը չեն գնդակոծվում։ Նման հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։
«Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, համաձայն որոնց իբր գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը»,- նշում են ՊԲ-ից:
Հարավի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը նույնպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հավաստիացրեց, որ գնդակոծություն չկա, իրադրությունը հանգիստ է։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան: