Ադրբեջանցիները ոչ միայն կրակում են, այլև գողություններ անում. ՄԻՊ–ը` հարձակման մասին

Արցախ, արխիվային լուսանկար
Արման Թաթոյանի խոսքով` ադրբեջանցիների հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Facebook–ի իր էջում անդրադարձել է ադրբեջանցիների երեկվա սադրանքին և շեշտել, որ պետք է կարևոր փաստ նկատի ունենալ։
«Երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ»,– գրել է նա:
Պաշտպանի խոսքով` ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ:

«Երկու դեպքում էլ մտադրված ոտնահարվում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունը, ազատ տեղաշարժը ճանապարհներով և այլն: Ընդ որում` տեղի են ունենում ոչ միայն կրակոցներ, այլ նաև գողություններ, մարդկանց գույքի դիտավորյալ ոչնչացում, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտներ և այլն»,– ավելացրել է Թաթոյանը:

Պաշտպանն ընդգծել է` թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեպքում զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են մեր խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, նրանց խաղաղ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները:
«Երկու դեպքում էլ հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր, ու, իհարկե, նման պայմաններում նշված խախտումները չեն վերանալու, լիարժեք անվտանգություն չի ապահովվելու»,– եզրափակել է Թաթոյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
Արցախում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արտակ Բեգլարյան