Ադրբեջանական հենակետում սադրիչ քայլերը սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից. նոր մանրամասներ

Դիրքեր. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում փորձում է սադրիչ գործողություններով խուճապային տրամադրություններ ձևավորել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնք հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը` հավելելով, որ ԱՀ գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալը երեկ ուշ երեկոյան մեկնել են Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ։
«Տեղում ծավալված քննարկումների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը տևական ժամանակ հակառակորդը բացահայտ կերպով ուղիղ թիրախավորվել է մեր մարտական դիրքերը ` ակնհայտ վտանգելով քաղաքացիական բնակավայրի անվտանգությունն ապահովող հայկական դիրքում ծառայություն իրականացնող անձանց կյանքն ու առողջությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Խստորեն դատապարտում ենք. ՀՀ ԱԳՆ–ն` ադրբեջանական սադրանքների մասին
Տեղեկացվում է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմն արդեն ավելի մեծ տրամաչափի զինատեսակով է թիրախավորել հայ զինծառայողների վրանը, որի արդյունքում 6 զինծառայող վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:
«Վիրավորների կյանքը հնարավոր եղավ փրկել Նոր շեն համայնքի ղեկավարի ու զինվորականների աննախադեպ օպերատիվ աշխատանքի շնորհիվ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվում են քրեադատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տեղեկացվում է, որ մանր տրամաչափի զինատեսակներից կրակոցների տեսքով սադրիչ գործողություններ կատարվել են նաև Մարտունու շրջանի Հարավ և Մյուրիշեն համայնքների մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից:

Դեպքից անմիջապես հետո ռուս խաղաղապահները մեկնել են լարվածության օջախներ, որից հետո կրակոցները դադարել են:
«Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում փորձում է սադրիչ գործողություններով խուճապային տրամադրություններ ձևավորել խաղաղ բնակչության մոտ, որի իրագործման նպատակով սպանվեց նաև Մարտակերտի քաղաքային համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Իրադրությունը հանգիստ է, հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ԱՀ ՊՆ
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14– երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։