ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 6-15-ը աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։
Տեղեկացվում է, որ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանը, Արցախի զարգացման գործընթացին Ռուսաստանի հայ համայնքի ներգրավմանն առնչվող հարցեր։