ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։ Նրա խոսքով` Արթուր Սարգսյանը շատ շուտով կլինի ազատության մեջ:
«Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ»,–նշեց փաստաբանը:
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ էր ստացել «Հայաստան» դաշինքի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցության արդյունքում։ Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս:
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։