ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Արտաքին անբարենպաստ պայմանները, ինչպիսիք են պատժամիջոցները, պետք է խթան հանդիսանան ԵԱՏՄ-ի միավորման ու ազգային արժույթների կիրառման համար: Այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով` միության որոշ անդամներ այսօր ենթարկվում են ոչ լեգիտիմ պատժամիջոցների, որոնք օգտագործվում են ոչ միայն որպես անբարեխիղճ մրցակցության, այլև որպես սոցիալ-տնտեսական և քաղաքական գործիք` խնդիրներ ստեղծելով տվյալ երկրի օրինական իշխանությունների համար:
«Նման արտաքին անբարենպաստ պայմանները պետք է խթանել մեր միության ներսում համագործակցությունը, հրաժարումը եվրոյից ու դոլարից և անցումը ազգային արժույթներին, ինչպես նաև առաջադեմ արդյունաբերությունների զարգացումը, բնակչությանն անհրաժեշտ սննդով ապահովումը», - ասել է նա։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանում արևմտյան սահմանափակումների համատեքստում զարգացման զգալի փորձ է կուտակվել, և Մոսկվան պատրաստ է այն կիսել ԵԱՏՄ գործընկերների հետ:
ՌԴ նախագահը նաև կարևորել է համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացման կարևորությունը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, որոնք կբավարարեն որակյալ ապրանքների աճող պահանջարկը: