ԼՂ հարցով պայմանավորվածությունները բավարար են քաղաքական կարգավորման համար. ՀԱՊԿ

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության հաստատման կայուն միտում է նկատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«ՌԴ միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվել է կանգնեցնել։ Ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման ավարտի համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»,-ասել է Սիդորովը։

Նրա խոսքով` չնայած այն բանին, որ 2021 թվականի մայիսից ի վեր նկատվել են հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ, ներկայում կողմերի միջև կառուցողական երկխոսության հաստատման կայուն միտում է նկատվում:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ես տեսնում եմ, որ այսօր սահման չկա. Զասը Փաշինյանի հետ խոսել է ստեղծված իրավիճակի մասին
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Հուլիսի 3–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հակտարարեց, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։
Օգոստոսի 9-ին Զասը ժամանեց Հայաստան, եղավ Արարատի մարզի Երասխ համայնքի մոտ սահմանագծում և հայտարարեց, որ սահմանին շատացած բախումները դժվարացնում են անկյունաքարային պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։
Զասը շեշտեց նաև, որ սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը։