ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգետիկ միասնական շուկայի ստեղծման գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին:
Փաշինյանի խոսքվ, ԵԱՏՄ -ում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորումը ոչ միայն ԵԱՏՄ ստեղծման մասին համաձայնագրի դրույթների կատարման խնդիր է, այլև դրա լիարժեք իրականացման նախապայման։
«Մենք ելնում ենք նրանից, որ տնտեսական միությունը կշահի ապագայում դրված խնդիրների լուծումից: ԵԱՏՄ -ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը միության առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ներքին շուկաների գործունեությունն առանց բացառությունների և սահմանափակումների», - ասել է Փաշինյանը` միաժամանակ կարևորելով այն խոչընդոտների վերացումը, որոնք, նրա բնորոշմամբ, սահմանափակում են ձեռնարկատերերի ազատ մուտքը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։
ՀՀ վարչապետն անհրաժեշտ է համարել ակտիվացնել առևտրի խոչընդոտները վերացնելու, ապրանքների և ծառայությունների շուկաներ ստեղծելու և միության ներսում արդյունավետ մատակարարման շղթաներ կառուցելու ջանքերը:
Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը նույնպես կօգնեն նվազագույնի հասցնել կամ ամբողջությամբ վերացնել խոչընդոտները: