ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ ամրացնում է Սյունիքի մարզի սահմաններն Ադրբեջանի հետ, մասնավորապես` Ճակատեն գյուղի հատվածում։
Ըստ որոշման` գյուղի սահմանամերձ հատվածից 1.1 հեկտար տարածքով հողամասը, որը համայնքային սեփականություն է, նվիրատվությամբ կտրվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը` պաշտպանական նպատակներով։
Նախագիծը քննարկվել է Կապան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ իրենց առաջարկությամբ։
Հիշեցնենք` Արցախյան 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդած Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով Սյունիքի մարզի Ճակատեն գյուղում ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ–երն այժմ միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում։
Ադրբեջանական նոր դիրքերը գրեթե կպած են գյուղին։ Գյուղի շուրջ փաստացի սահմանի երկարությունը կազմում է շուրջ 30 կմ:
Գորիս– Կապան ճանապարհի Ճակատեն գյուղի հատվածում Ադրբեջանը նաև ադրբեջաներեն գրությամբ ցուցանակ էր տեղադրել։