ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին Մինսկում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից, միջոցառումը մեկնարկել է պատվիրակությունների ղեկավարների ավանդական համատեղ լուսանկարով: Նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Քննարկման է ներկայացվել մի քանի փաստաթուղթ, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների պատմաբանների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի (հանձնաժողովի) մասին կանոնակարգի նախագիծը:
Բացի այդ, նախարարները պետք է համատեղ հայտարարություն ընդունեն կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի ամրապնդման մասին և 2022 թվականի` Համագործակցությունում բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացման պլանը:
Օրակարգում ընդգրկված է նաև ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների հակազդման խնդիրների հետազոտման բազային կազմակերպության ստեղծման հարցը, ԱՊՀ-ում կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման մեթոդական հանձնարարականները և մի շարք այլ հարցեր:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Բելառուսի մայրաքաղաքում կգտնվի հոկտեմբերի 14-15-ը։
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախորդն նիստն անցկացվել էր ապրիլի 2-ին Մոսկվայում։