ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր երեկոյան հարձակվել են Արցախի Մարտունու շրջանի Նոր Շենի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ։
Ըստ հայկական կողմի` միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին կեղծ տեղեկատվությունից հետո: Բաքուն մեղադրել է հայկական կողմին, սակայն Ստեփանակերտը չի հաստատել կրակոցները՝ մատնանշելով, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական դիրքից վիճաբանության ձայներ են լսել։ ՀՀ ՄԻՊ Արմանն Թաթոյանն էլ հայտարարել էր, որԱրցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել: