ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության շատ մեծ հնարավորություններ ունեն, որոնք գուցե պատշաճ չեն օգտագործվել, և հիմա պետք է ամեն ինչ անել բաց թողնվածը լրացնելու համար: Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ուզում եմ իմանաք, որ մենք ոչ միայն պատրաստակամություն ենք ուզում արտահայտել, այլ ունենք կոնկրետ պատկերացումներ և առաջարկություններ, թե ինչի շուրջ և ինչի վերաբերյալ պիտի համագործակցենք»:
Նա ընդգծել է, որ այդ օրակարգն արձանագրել են նաև վարչապետ Մոդիի հետ 2019 թվականին Նյու Յորքում ունեցած հանդիպման ժամանակ, բայց, ցավոք, կորոնավիրուսը խանգարել է աշխատանքներին:
Հնդկաստանի արտգործնախարարն իր հերթին վստահեցրել է, որ որ եթե անգամ տեղի չի ունեցել այն, ինչ ժամանակին պետք է լիներ, այսօր կարող է իրագործվել, որովհետև առկա է մեծ ուշադրություն 2 երկրների հարաբերությունների վրա:
«Պետք է անցնենք գործնական և շոշափելի քայլերի՝ մեր հարաբերություններն առաջ մղելու համար»:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան-Հնդկաստան քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և պետք է ավելի շատ կենտրոնանալ տնտեսական ծրագրերի վրա՝ հաշվի առնելով տնտեսական չիրացված մեծ ներուժի առկայությունը: Հնդկաստանի ԱԳ նախարարն առաջարկել է գործարար համաժողով կազմակերպել կամ բիզնես առաքելություն ուղարկել Հայաստան:
Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը հայ-հնդկական գործընկերության հաջող օրինակ են համարել կրթական համագործակցությունը և համակարծիք եղել, որ այդ օրինակով պետք է զարգացնել կապերը ենթակառուցվածքների, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության և այլ ոլորտներում:
Ջայշանկարը Twitter- ում գրել էր, որ ուրախ է լինել Հնդկաստանի առաջին արտգործնախարարը, որն այցելում է Հայաստան, և որ պատմական կապ է տեսնում Հայաստանի ու իր հայրենիքի միջև: