Հայաստանի կառավարությունն արցախցի փախստականներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

ԼՂ–ի օկուպացված շրջանների բնակիչները, որոնք ժամանակավորապես բնակվում են ՀՀ-ում, կստանան 25 000-ական, իսկ երեխաներն ու հաշմանդամները` 50 000 -ական դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021թ–ի սեպտեմբեր– դեկտեմբերին դրամական նոր աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի օկուպացված շրջաններից բռնի տեղահանված քաղաքացիներին: Այս մասին «Հայաստան» դաշինքի կազմակերպած քննարկման ժամանակ հայտնեց փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
Նրա խոսքով` 25 հազար դրամ կհատկացվի տեղահանված մեծահասակներին, իսկ 50 հազար դրամ ՝ անչափահասներին ու 1 -ին և 2 -րդ խմբերի հաշմանդամներին։ Ընդ որում, այդ գումարները նախատեսված են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։
«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները
Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ամենայն հավանականությամբ կկայացվի հոկտեմբերի վերջին, արցախցիները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:

«Բայց դա չի նշանակում, որ 2022 թվականից մեր հայրենակիցների աջակցությունը կդադարի: Եթե հիշում եք` 2021 թվականի բյուջեում պաշտոնական օգնության ծրագրեր չկային, բայց իրականում մենք հատկացրել ենք գրեթե 100 մլրդ դրամ», - Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Խաչատրյանը:

ՀՀ -ում ԼՂ օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանն էլ հիշեցրեց, որ զուգահեռաբար շարունակվում են նաև ՀՀ -ում գտնվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը։ Դրանցից առաջինը ներառում է գործատուի մոտ 3-ամսյա վերապատրաստում, որից հետո նա աշխատանքի է ընդունվում: Այդ երեք ամսվա ընթացքում աշխատողը ստանում է 100 հազար դրամ: Երկրորդ ծրագիրը վերաբերում է վճարովի հասարակական աշխատանքներին, որոնց դիմաց վճարվում է օրական 6500 դրամ։ Այս ծրագրերի շրջանակում աշխատում է շուրջ 500 մարդ:
«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը
Բացի այդ, այն գյուղաբնակները, որոնք համաձայն են մշակել իրենց առաջարկվող հողատարածքը, ստանում են տարեկան 200 հազար դրամ աջակցություն` յուրաքանչյուր 1 հեկտարի մշակման դիմաց: Այս ծրագրում ընդգրկված են շուրջ 110 ընտանիք, որոնք այժմ մշակում են մոտ 380 հա ՀՀ տարածքում:
Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչների համար աջակցության ծրագիր կգործի