ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր մերժեց Առուշանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը։
Առուշանյանը կալանավորված է 2021թ–ի հուլիսի 16-ից: Կալանավայրից Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում Առուշանյանը հույս էր հայտնել, որ շատ երկար չի մնա այնտեղ։
Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Հոկտեմբերի 17-ին Գորիսում ու մի քանի այլ համայնքներում նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ Առուշանյանը դրանց մասնակցելու է «Առուշ Առուշանյան» դաշինքով։