ՌԱԴԻՈ

Գնաճային ճնշումներն աննախադեպ են. տնտեսագետը խոսեց ներքին և արտաքին պատճառների մասին

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գնաճին և դրանով պայմանավորված տնտեսական իրողություններին ու միտումներին։
Sputnik
Այս տարվա ինն ամիսների տվյալներով` գնաճային ճնշումները շատ մեծ են, նույնիսկ` աննախադեպ։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի տեսակետն է, որը նա արտահայտեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նրա խոսքով`եթե այդ ցուցանիշները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, ապա գնաճը կազմել է 6.7 տոկոս, այսինքն` ցուցանիշը շատ ավելի բարձր է բոլոր տեսակի կանխատեսումներից։
Հեղուկ գազի պակաս և գնաճ Հայաստանում. ինչու չի նահանջում վառելիքային ճգնաժամը
«Գնաճի պատճառները բազմաթիվ են։ Արտաքին գործոնները խիստ անբարենպաստ են նախ վառելիքահումքային և պարենային շուկաներում զարգացումների հետ կապված։ Իսկ դա հատկապես զարգացող երկրներին դրդում է իրենց տնտեսությունների վերականգնման համատեքստում մակրոտնտեսական պահանջարկը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկել ագրեսիվ քայլեր, հատկապես դրամական զանգվածն ավելացնելու ուղղությամբ։ Պահանջարկը մեծացել է հատկապես գազի նկատմամբ, զուգահեռաբար աճում է նավթի գինը, և տեսնում ենք, թե ինչ է կատարվում եվրոպական շուկաներում»,– նշեց տնտեսագետը։
Մարգարյանի դիտարկմամբ` անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով թանկացել են նաև պարենային գները, իսկ ներմուծվող ապրանքների գների վրա ազդել է հիմնականում բեռնափոխադրումների վրա կատարվող ծախսերի աճը։ Հետևաբար` ընդհանուր առմամբ խիստ թանկացել է պարենային զամբյուղը, և եթե նայենք մթերքների սպառողական գների ինդեքսի տեսանկյունից, ապա զամբյուղում դրված 470 ապրանքատեսակների մեծ մասի պարագայում 5 տոկոսից ավելի գնաճի միտումներ կան։

«Գնաճին էապես նպաստել է նաև դրամի արժեզրկումը, հատկապես երկրորդ եռամսյակի ընթացքում, և դրանից հետո որոշակիորեն կայունացել է փոխարժեքը։ Գնաճն, ինչ խոսք, ազդում է մարդկանց բարեկեցության վրա, որովհետև անվանական աշխատավարձերն ավելի դանդաղ են աճել, քան գները, հետևաբար տեղի է ունեցել բարեկեցության մակարդակի անկում։ Մյուս կողմից տեղի է ունեցել մարդկանց եկամուտների դիֆերենցման խորացում, քանի որ աճել են աղքատության ցուցանիշները»,– նշեց տնտեսագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը, Մարգարյանն ընդգծեց, որ գնաճը զսպելու նպատակով կիրառվում են մոնետար գործիքներ։ Այս ընթացքում Կենտրոնական բանկը զգալիորեն թանկացրեց փողը, բայց վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7.25 տոկոս ցուցանիշն, ըստ տնտեսագետի, շատ բարձր է։ Դա նշանակում է շուկայական տոկոսադրույքների բարձրացում և փողի թանկացում, նաև վարկային փոխառությունների ծավալների զսպում, իսկ մյուս կողմից փոխարժեքն է բավական կոշտ ձևով կարգավորվում։ ԿԲ–ն իրականացնում է նաև վալյուտային ինտերվենցիաներ սպեկուլյատիվ նկատառումները զսպելու և գնաճը կառավարելի դարձնելու համար։
Գնաճն ավելանում է. ԿԲ–ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Տնտեսագետի համոզմամբ` պետությունը պետք է վարի եկամտային լուրջ քաղաքականություն, որպեսզի հետևի իրական եկամուտներին, շահույթների ու աշխատավարձերի դինամիկային և հասկանա` ինչպես է բաշխվում իրական արժեքը, որպեսզի պարզի, թե արդյոք շահույթների մի ստվար մասը ստվերում չի մնում։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին 1 տարում` 2021թ–ի սեպտեմբերի դրությամբ, Հայաստանում պարենի գներն աճել են 15.4%–ով։
Հավելենք, որ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ` Հայաստանում բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի: