ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի բացակայության պատճառով աշխատանքի չներկայացած ժամանակահատվածը հանվելու է աշխատողի ստաժից։
Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը` ներկայացնելով ՀՀ աշխատանային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը։
«Այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու որպես արձակուրդ և չի համարվելու ստաժ»,- ասաց նա։
Նրա խոսքով` նույն պատճառով 30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանալու լուծել աշխատանքային պայմանագիրը։
Պայմանագիրը կարող է լուծվել նաև, եթե աշխատղի բացակայությունները 1 տարվա ընթացքում կազմում են 50 և ավելի օր։
Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը «Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որը հոկտեմբրի 8-ին հրապարակվել է e-draft.am կայքում։
Նախատեսված օրենսդրական փոփոխություններով պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը։ Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։
Գործատուն իրավունք կունենա նաև աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։
Առաջարկվող փոփոխությունները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։