«Բացառել թյուրիմացությունները»․ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են հեռախոսով

Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Թեհրանի և Բաքվի երկկողմ հարաբերությունները, որոնք կտրուկ վատացելեն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը:
Նշվում է, որ արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները։
Զրույցի ընթացքում Աբդոլլահիանն ասել է, որ երկու երկրները պետք է կանխեն թյուրըմբռնումը հարաբերություններում։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել «ճիշտ ու առաջադեմ ուղղությամբ»։
Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի և անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը՝ իրանցի նախարարն ավելացրել է, որ Թեհրանին ու Բաքվին վաղեմի հարաբերություններ են կապում:

«Երկու երկրները չպետք է թույլ տան, որ հարաբերություններում թյուրիմացություն լինի և պետք է շարունակեն հարաբերությունները ճիշտ ուղղությամբ»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտգործնախարար
Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում Թեհրանի և Բաքվի հարաբերությունները կտրուկ վատացել են։ Ամեն ինչ սկսվեց, երբ ադրբեջանական ոստիկանությունը սեպտեմբերին Գորիս-Կապան ավտոճանապարհին երկու իրանցի վարորդների ձերբակալեց։
Բացի այդ, Կասպից ծովում անցկացվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժությունները, ինչը կտրուկ արձագանք է առաջացրել Թեհրանում:
Ի պատասխան Իրանի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանի մոտ, զուգահեռ Իրանի ռազմական ու քաղաքական գործիչները սկսել են մեղադրել Բաքվին «սիոնիստների և ահաբեկիչների» հետ կապերի մեջ:
Բաքուն Իրանի սահմանների մոտ Իսրայելի ուժերի ներկայության ապացույցներ է պահանջում․ Ալիև