Պատրիարք Կիրիլն ասել է` ինչն է խանգարում ԼՂՀ հակամարտության կարգավորմանը

Պատրիարք Կիրիլի խոսքով` կրոնական առաջնորդներն առավելություն ունեն ղարաբաղյան խնդրի նման խնդիրների քննարկման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Քաղաքական շահերը խանգարում են ղարաբաղյան հակամարտության կողմերին պայմանավորվել այն դեպքում, երբ եկեղեցական ներկայացուցիչները բանակցային գործընթացում առավելություն ունեն։ Այս մասին Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե խոսքը ռազմական հակամարտությունը հաղթահարելու մասին է, քաղաքական գործոն է առկա, և երբ այդ գործոնը գերիշխում է, բանակցությունները դժվարանում են։ Երբեմն կրոնական տեսանկյունից պարզապես անբացատրելի է թվում, թե ինչու մարդիկ չեն կարողանում պայմանավորվել։ Նրանք չեն կարողանում պայմանավորվել, որովհետև քաղաքական շահեր են շոշափվում», – ասել է պատրիարք Կիրիլը։

Ըստ նրա`կրոնական առաջնորդներն առավելություն ունեն նման խնդիրների քննարկման ժամանակ, քանի որ իրենք ընդհանուր հիմք ունեն` հավատ առ Աստված և բարոյական արժեհամակարգ, ազնվություն և վստահություն միմյանց հանդեպ։
Գարեգին Բ-ն ու Պատրիարք Կիրիլը քննարկել են իրավիճակն Արցախում
Ավելի վաղ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երկօրյա այցով մեկնում է Մոսկվա և հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:
Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում է Գարեգին Բ-ի, պատրիարք Կիրիլի ու Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: