ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխհատուցում վճարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի բողոքը:
Այս տարվա մայիսին ՄԻԵԴ-ն անօրինական էր ճանաչել Լապշինի կալանքը և արձանագրել Բաքվի բանտում տեղի ունեցած մահափորձերն ու խոշտանգումները: Դատարանը վճռել էր բլոգերին 30 հազար եվրո փոխհատուցում վճարել։ Բաքուն բողոք էր ներկայացրել, բայց ՄԻԵԴ-ի Մեծ պալատը նախորդ որոշումը թողել է անփոփոխ՝ Բաքվին կրկին պարտավորեցնելով փոխհատուցում վճարել Լապշինին։
Բլոգերը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե տարօրինակ էր համարում Ադրբեջանի բողոքարկումը։ Նրա խոսքով ՝ Եվրոպական դատարանը հիմնականում չի վերանայում նախկինում կայացրած որոշումները։
Հիշեցնենք` 2016-ի վերջին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի խնդրանքով, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար: Նա ադրբեջանական բանտում մնաց 7 ամիս։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բոլգերին մեղավոր էր ճանաչել հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար՝ դատապարտելով երեք տարվա ազատազրկման: Ավելի ուշ բլոգերը արտահանձնվել էր Ադրբեջանին։
Բլոգերը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել էր, որ Արցախ է մեկնել որպես զբոսաշրջիկ և չի հանդիպել ղեկավարության որևէ անդամի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին նրան ներում էր շնորհել, ինչից հետո Լապշինին տեղափոխել էին Իսրայել:
Արդեն Իսրայելում Լապշինը հայտարարել էր, որ Բաքվի բանտում ֆիզիկական և հոգեբանական կտտանքների է ենթարկվել, նա նաև պատմել էր, որ իրեն փորձել են խեղդելով սպանել։