ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Sputnik. Մահացել է երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեի կինը՝ Իրինա Կեբաձեն։ Տեղեկությունը հայտնում է 5-tv.ru–ն` հղում անելով դերասանի տնօրեն Օլեգ Տոլմաչովին։
«Այսօր է մահացել։ Երկար ժամանակ հիվանդ էր»,– ասել է նա։
Ըստ Տոլմաչովի՝ Կիկաբիձեի կնոջ մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել։ Նա նաև ասել է, որ Կիկաբիձեն վերջերս է վերադարձել հյուրախաղերից:
Նշենք, որ Իրինա Կեբաձեն Վրաստանի վաստակավոր արտիստ է։
Կիկաբիձեն և Կեբաձեն ամուսնացել են 1965 թվականին։ Նրանք ծանոթացել են Բուդապեշտում, որտեղ արտիստը հյուրախաղերի է մասնակցել։ Կիկաբիձեի հետ ծանոթանալու պահին Իրինա Կեբաձեն արդեն մեկ դուստր է ունեցել առաջին ամուսնությունից, որին Կիկաբիձեն որդեգրել է: Այնուհետև ծնվել է նրանց որդին` Կոնստանտինը, որը նկարիչ է դարձել և այժմ ապրում է Կանադայում:
Կորոնավիրուսի պատճառով Կիկաբիձեն երկար ժամանակ չէր ներկայանում հանրությանը։ Բայց 83-ամյա արտիստը մինչև հիմա էլ շարունակում է աշխատել։