Երևան է հասել 8,6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը

Լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ անցնելուց հետո ավտոբուսները երթուղի դուրս կգան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանից Երևան է հասել 211 նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ներկայում առաջին խմբաքանակն արդեն Երևանում է, մնացածն էլ կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Պետք է սպասենք, որպեսզի ամբողջ խմբաքանակը հասնի, զուգահեռ ընթանում է լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ ամենից հետո միայն նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- նշեց Կարապետյանը։
Հրաժեշտ խցանումներին ու «Գազելներին». Երևանում տրանսպորտի խնդիրն արմատական լուծում կստանա
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ ավտոբուսները Երևան կհասնեն հոկտեմբերի վերջին։ Նոր ավտոբուսները մասամբ լրացնելու են ներկայում գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ էլ աշխատելու են նոր երթուղիներում։
Նշենք՝ հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսել է իր աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման հանձնվեց առաջին անգամ: