ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Արցախից տեղահանված բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են, որպեսզի իրենց բնակարաններով ապահովեն ու նշում են, որ պարտադիր չէ, որպեսզի դրանք Երևանում լինեն, կարող են տրամադրել ՀՀ ցանկացած մարզում։
«Անցած անգամ մեզ ներս հրավիրեցին, որպեսզի զրուցենք, սակայն մենք հրաժարվեցինք, իրենք իջան ու խոսեցինք դրսում։ Այս անգամ էլ կխնդրենք, որպեսզի իջնեն և դրսում ժողովրդին ասեն, թե ինչ է կատարվում ու ինչ փուլում է գործընթացը։ Նախորդ անգամ մեզ ասացին, որ ծրագրում են գոնե սոցիալական հարցերը լուծել ու տրամադրել բոլոր կարիք ունեցող անձանց գումարներ»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրիյանը։
Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունն անգամ օրվա ապրուստի հարցերը չի լուծում։ Նրա խոսքով՝ ներկայում իրենց տրամադրվում է ամսական 25 հազար դրամ մեկ շնչին, սակայն ընդգծում է, որ այդ գումարով հնարավոր չէ ապրել։
Հայրիյանը շեշտեց, որ Արցախում անվտանգության հարցը լուծված լինելու դեպքում իրենք կցանկանան վերադառնալ իրենց բնակավայր։
Բողոքի ակցիայի մասնակիցներին պաշտոնյաներից որևէ մեկը չմոտեցավ։ Նրանք շարժվեցին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։
2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թիվը կազմում է 21 615 մարդ կամ 5448 ընտանիք:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին` Փախստականների համաշխարհային օրվա վերաբերյալ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել ընդհանուր մոտ 90 000 արցախցի, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին։