Վտանգված հուշարձանների պահպանություն. Երևանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ամբիոն կբացվի

Պոլիտեխնիկական համալսարան
Միջազգային խորհրդաժողովի արդյունքներով կընդունվի հռչակագիր՝ դրանում հստակ ամրագրված կետերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 հոկտեմբերի – Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հիմքի վրա կբացվի ճարտարապետության հուշարձանների վերականգնման և պահպանման ամբիոն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Նա մասնակցում է «Պատմամշակութային ժառանգության պահպանումը որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» թեմայով միջազգային համաժողովին։
Վարդանյանը նշեց, որ այդ հարցով առայժմ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել:
Չափազանց կարևոր է Արցախի և հարակից տարածքների մշակութային հուշարձանների մշտադիտարկումը
«Ամենայն հավանականությամբ` ամբիոնը կսկսի գործել 2022 թվականին, առայժմ բանավոր պայմանավորվածություններ կան։ Ամբիոնի հիմքի վրա աշխատանքներ են տարվելու ճարտարապետական ժառանգության վերականգնման ուղղությամբ, մշակվելու է ուսումնական ծրագիր և այլն»,- ասաց նա։

Վարդանյանը տեղեկացրել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանման շրջանակում բուհի մասնագետները կատարել են Արցախի մշակույթի և ճարտարապետության 12 հուշարձանների եռաչափ մոդելավորում, ֆոտոգրամետրիա և սքանավորում։

Վարդանյանի խոսքով՝ նախարարության ներկայացրած ցանկում ընդգրկված են նաև այն հուշարձանները, որոնք նոյեմբերի 9-ից հետո մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Ինչ վերաբերում է բուն համաժողովին, Վարդանյանը նշեց, որ այն պետք է տեղի ունենար դեռևս 2020թ․-ին, սակայն համավարակի պատճառով տեղափոխվել է մինչև 2021 թ․-ը: Ճարտարապետական համալսարանի ռեկտորը կարևոր է համարում նման հարթակները, հատկապես Արցախի հայկական ժառանգության հանրահռչակման, ինչպես նաև դրան սպառնացող խնդիրների արծարծման գործում։
Հայկական վանքերը և ոչ միայն․Ղրիմին մշակութային օբյեկտների վերականգնման ծրագիր է անհրաժեշտ
«Գիտաժողովի աշխատանքների ավարտից հետո կընդունվի ամփոփիչ հռչակագիր։ Մենք արդեն քննարկել ենք դրույթները։ Փաստաթուղթը, մասնավորապես, գիտաժողովի մասնակիցներին պարտավորեցնելու է համապատասխան աշխատանք տանել ոչնչացման վտանգի տակ գտնվող մշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ»,-ասել է Վարդանյանը։
Գիտաժողովին մասնակցում են առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Վրաստանից, Հայաստանից: