ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանը փորձում է Բաքվի և Երևանի միջև համակարգողի դեր ստանձնել` «Հարավային Կովկասում հարևանության խաղաղ նախաձեռնությունն» առաջ տանելով։ Միևնույն ժամանակ, Թբիլիսիում հասկանում են, որ տարածաշրջանում նշանակալի խաղացող դառնալու իրենց ցանկությունը կսահմանափակվի զուտ հայտարարություններով։ Լավագույն դեպքում, նրան կհաջողվի համակարգել հումանիտար շփումները։
Մի կողմից Վրաստանի իշխանությունները փորձում են տարածաշրջանի վերաձևման ֆոնին իրենց տեղը զբաղեցնել տարածաշրջանում, մյուս կողմից` դիվերսիֆիկացնել տարանցիկ երկրի կարգավիճակը (Վրաստանում մտավախություն կա, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ֆոնին կարող են կորցնել այդ կարգավիճակը, – խմբ.)։ Սակայն առանց Երևանի և Բաքվի աջակցության` վրացական նախաձեռնությունը դատապարտված է։ Սրանով է պայմանավորված Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը երկու երկրներ։
Հատկանշական է, որ վրացի վարչապետը Հայաստան ժամանեց Փաշինյանի մոսկովյան այցի նախօրեին։ Թբիլիսիի համար կարևոր էր հասկանալ Երևանում տիրող տրամադրությունները ինչպես իր նախաձեռնության, այնպես էլ առաջարկած «3+3» ձևաչափի վերաբերյալ։ Երևանը դեռ չի մեկնաբանել հանդիպման արդյունքները, իսկ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ գոհ է մնացել իր հայաստանյան այցից։
Հայացք Մոսկվայից
Օրերս Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, խոսելով Թբիլիսիի դերի մասին, պարզաբանեց, որ «Վրաստանն ամբիցիաներ չունի «3+3» ձևաչափի շրջանակում քննարկելու հարցեր, որոնք շոշափվում են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում անցկացվող հանդիպումների ժամանակ»։ Ռուսաստանում չեն կարծում, թե Վրաստանն այն հարթակն է, որտեղ կարող են լուրջ թեմաներ քննարկվել` հաշվի առնելով ԱՄՆ–ի և ընդհանուր առմամբ Արևմուտքի հետ Թբիլիսիի սերտ կապերը։
Բացի այդ, Անկարայի և Մոսկվայի աջակցությունը վայելող «3+3» ձևաչափի ստեղծման մասին առաջարկների ֆոնին վրացական նախապատրաստությունները գնալով ավելի անհեռանկարային են դառնում։
Ռուսաստանցի քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Թբիլիսին որոշակի առումով հանդես է գալիս որպես տարածաշրջանում արևմտյան երկրների ներկայության միջնորդ։ Նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած իրադարձություններից հետո (Արցախյան պատերազմ, եռակողմ հայտարարություն,–խմբ.) ԱՄՆ–ն և Եվրոպան կարծես դուրս մնացին Ղարաբաղի շուրջ և հայ–ադրբեջանական հարաբերություններում ընթացող ակտիվ քաղաքական գործընթացներից։ Լուկյանովը կարծում է, որ Վրաստաննիր հարթակի միջոցով տեսականորեն կարող է որոշակի արդյունքների հասնել (ինչպես գերիների վերադարձի դեպքում,– խմբ.), սակայն թեմաների միայն շատ նեղ շրջանակի մասով։
«Տարածաշրջանի անվտանգության հարցի նման լուրջ հարցերն առանց Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության չեն կարող լուծվել»։
Փորձագետը հավելեց, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Վրաստանի ակտիվությանն այնքան ժամանակ, քանի դեռ նրա դերը, որպես համակարգող,սահմանափակվում է Հայաստանի և Ադրբեջանի շփումներով։ Նա պարզաբանեց, որ Թբիլիսին սեփական խնդիրներն ունի և հայկական ուղղությամբ նրա ակտիվությունը մասամբ կապված է այն բանի հետ, որ վրացիները ևս իրենց դերն են փնտրում Արևմուտքի հետ հարաբերությունները հստակեցնելու համար։ Սակայն դա քիչ բան կարող է փոխել։
«Մոսկվայում դա ընկալվում է դեռ որպես տեղական ակտիվիստների լոկալ ակտիվություն», – ասաց Լուկյանովը։
Նա նաև նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ գործող ձևաչափը կենդանի կառույցի տպավորություն չի թողնում և իրենից ֆորմալ, դեկորատիվ կազմակերպություն է ներկայացնում։ «3+3» ձևաչփն այս ֆոնին ավելի բովանդակալից տեսք ունի տարածաշրջանում տնտեսական, ենթակառուցվածքային և տրանսպորտային նախագծերի խթանման առումով։
ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը բավական թերահավատորեն է վերաբերվում Վրաստանի և վրացիվարչապետի «խաղաղ նախաձեռնություններին»։ Նա կարծում է, որ Թբիլիսիի ջանքերը ցուցադրում են Կովկասի հետ առնչություն ունեցող հնարավոր ցանկացած «շրջանակում» հայտնվելու ձգտումը։
Սկակովի կարծիքով`Կովկասում հայտնված ռուսական նոր բազան (այն է` ԼՂ–ում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմը) ռազմակայան է, որը Վրաստանի համար ևս մեկ սուր դանակ է։ Սրանից ելնելով` Վրաստանը կանի ամեն բան` տվյալ իրավիճակը փոքր–ինչ մեղմելու համար։
Սակայն փորձագետը կասկածում է, թե դա նրան կհաջողվի։
«ԼՂ–ի հետ կապված ցանկացած տարբերակ Ռուսաստանի մասնակցություն և Վրաստանի բացակայություն է ենթադրում։ Վրաստանի մասնակցությամբ տարբերակ չեմ տեսնում»։
Նա կարծում է, որ որքան էլ դա անհարմար լինի Հայաստանի կամ Ռուսաստանի համար, Թուրքիայի մասնակցությամբ ձևաչափն առավել իրատեսական է։ Վրաստանն այս պատկերի մեջ որևէ կերպ չի տեղավորվում։
Ի՞նչ է ասում Երևանը
Խաղաղ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հասկանալու համար Sputnik Արմենիան դիմեց ՀՀ ԱԳՆ։ Մեր հարցմանն ի պատասխան ԱԳՆ–ից պատասխանեցին, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում կայուն զարգացման և անվտանգության ամրապնդման համատեքստում վրացական կողմի հետ ակտիվ համագործակցությունը։
«Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար անկյունաքարային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում` հայտնի սկզբունքների ու տարրերի, այդ թվում` ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա», – նշված է հարցման գրավոր պատասխանում։
Նշենք, որ Արցախում դեռ մարտական գործողությունների ընթացքում Վրաստանը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս հայ–ադրբեջանական երկխոսության հարթակ ստեղծելու առաջարկով։ Վերջին անգամ այն հնչեցվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության` Թբիլիսի կատարած այցի ժամանակ։