ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)-ը 2021թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր, հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 148 հարկ վճարողների մոտ 2021թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 28 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 134 դեպք:
Իսկ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 40 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 3 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 38 դեպք:
Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: