Կրոնական և քաղաքական գործոնների համադրության պայմաններում Ռուսաստանի հոգևոր առաջնորդի միջնորդող մասնակցությունը որոշ չափով կարող է նպաստել լարվածության լիցքաթափմանը, իսկ թե բեկում կառաջացնի հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, դա այլ հարց է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրոնագիտական հարցերի փորձագետ Վարդան Խաչատրյանը։
«Կրոնական գործոնի ազդեցությունը հասարակության վրա խիստ զգալի է, առավել ևս, եթե դա կրում է ազգային երանգ, ինչպիսին մեզ մոտ Հայ Առաքելական եկեղեցու ազդեցությունն է, բայց ամբողջ հարցն այն է, թե կարո՞ղ է արդյոք այդ ազդեցությունը արմատական դեր խաղալ հակամարտությունների կարգավորման գործում, որովհետև քաղաքական գործոնն ինքնին պայմանավորված է տասնյակ և ավելի էական չափորոշիչներով»,– նշեց փորձագետը։
Խաչատրյանի կարծիքով` Ադրբեջանի ու Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կարող է փոխել իր կարծիքն ըստ իշխանությունների հորդորի և պահանջի, հետևաբար նրա վարքագիծն ու քարոզչական միտվածությունը պետք է համընկնի Ադրբեջանի շահերին։
Խաչատրյանը հաշվի է առնում նաև այն, որ թեև Փաշազադեն Կովկասի մահմեդականների վարչության նախագահն է, բայց հյուսիսկովկասյան հանրապետություններում մահմեդականներն ունեն իրենց առաջնորդները, ուստի այդ տեսակետից Փաշազադեն ընդհանուր իշխանություն չունի։
«Հատկապես Իլհամ Ալիևի կենտրոնացված իշխանությունն անվիճելիորեն շատ մեծ ազդեցություն ունի Ալլահշուքյուր Փաշազադեի վրա, հետևաբար սեփական կարծիք արտահայտելուց առաջ պետք է այն համաձայնեցի Ալիևի հետ, հակառակ դեպքում նրա խնդիրներն Ադրբեջանում կդառնան անլուծելի և նա չի կարողանա պահպանել սեփական դիրքերը»,– նշեց կրոնագիտական հարցերի փորձագետը։
Հիշեցնենք, որ այսօր կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՌԴ կատարած երկօրյա այցի շրջանակում հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ։ Նա կմասնակցի նաև տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը, որին հրավիրված է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։