Ես չեմ ասում։ Նման մտահոգիչ եզրակացություն է հրապարակվել մոլորակային անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովում, որը վերջերս անցկացվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ։ «Ինդիփենդենտ» բրիտանական թերթը հայտնում է, որ աշխարհի առաջատար մասնագետները ՆԱՍԱ-ի գլխավորությամբ իրականացրել են մոդելավորում, որը միանշանակ ցույց է տվել՝ աղետն անխուսափելի է լինելու, նույնիսկ եթե մարդկությունը 6 ամիս ունենա դրան նախապատրաստվելու համար։ Ուղղակի նման հզորության հրթիռ առայժմ չի ստեղծվել։
Միանգամից ծագում է գլխավոր հարցը՝ բա էդ դեպքում ի՞նչ պիտի անեն մարդիկ, եթե իմանան, որ խոշոր աստերոիդը հարվածելու է Եվրոպային։ Շատ տխուր պատասխան են տալիս մասնագետները՝ ընդամենը մի տարբերակ է մնում՝ էվակուացնել ողջ Եվրոպայի, մասամբ նաև Հյուսիսային Ամերիկայի բնակչությանը։ Կատակասերներն, իհարկե, կարող են ասել՝ դե, քանի որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հայերը, ըստ երեւույթին, կնախընտրեն տեղափոխվել Հայաստան, վերջապես կիրականանան մեր վերջին նախագահի և գործող վարչապետի չափազանց լավատեսական կանխատեսումները, որ Հայաստանի բնակչությունը դառնալու է 4, նույնիսկ 5 միլիոն։ Բայց շատ ճիշտ եք՝ կատակելու տրամադրություն էլ չի մնացել։
Եվ այնուամենայնիվ, այնպես էլ չի, որ մոլորակի բնակիչները նստել են թախտին ու սպասում են աստերոիդին։ Արդեն փորձեր են սկսվել պարզելու համար, թե ինչպես կարելի է շեղել խոշոր երկնաքարի ուղղությունը։ Հենց այս տարվա վերջին մեկնարկող, այսպես կոչված՝ ԴԱՐԹ առաքելությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում հասնելու է Դիմորֆոս կոչվող աստերոիդին և փորձելու է փոխել նրա շարժման ուղղությունը։
Միանգամից կհարցնեք՝ բա որ չստացվի՞։ Շտապեմ հանգստացնել՝ ոչինչ էլ չի լինի։ Որովհետև նախ այդ աստերոիդը փոքր է, և երկրորդ՝ այն հիմա էլ բացարձակ որևէ վտանգ չի ներկայացնում երկրագնդի համար։ Ուղղակի մասնագետները ցանկանում են հստակ պարզել՝ արդյոք ընդհանրապես տեսականորեն հնարավո՞ր է փոխել աստերոիդի ուղեծիրը, եթե դրա անհրաժեշտությունը պարզապես անխուսափելի դառնա։
Իհարկե, ի վերջո կարելի է կիրառել նաև հոլիվուդյան սցենարը։ Հաստատ տեսած կլինեք «Արմագեդոն» կինոնկարը, որտեղ ամենակարող Բրյուս Ուիլիսը մեծ դժվարություններ հաղթահարելուց հետո այնուամենայնիվ ի վերջո պայթեցնում է երկնաքարը ներսից։ Դրա հնարավորությունն, ի դեպ, հիմա էլ կա՝ ամրացնել հզոր միջուկային մարտագլխիկը և հրթիռը մխրճել խոշոր աստերոիդի մեջ։ Բայց սա բավական վտանգավոր տարբերակ է։
Տեսեք։ Միջուկային այդ պայթյունից աստերոիդը միգուցե իսկապես կոչնչանա, բայց անխուսափելիորեն կբաժանվի խոշոր բեկորների, որոնք կշարունակեն իրենց ճանապարհը դեպի մեր մոլորակը։ Հո չես կարող ընկնել առանձին կտորների հետևից՝ դրանք նույնպես ոչնչացնելու ակնկալիքով։ Բոլորս քաջ գիտակցում ենք, որ դա նույնիսկ տեսականորեն անհնար է։ Եվ ամենակարեւորը՝ այս դեպքում Երկիրը ոչ թե մեկ հարված կստանա, այլ բազմաթիվ հարվածներ` ամենատարբեր վայրերում։ Մահաբեր աստղային անձրև։
Իհարկե, կարելի է մեկ առ մեկ հաշվարկել յուրաքանչյուր խոշոր բեկորի թռիչքի ուղղությունը, բայց դա բավական երկար ժամանակ կպահանջի, ու ի վերջո միշտ մնում է հավերժական հարցը՝ բա որ մեր համակարգչային համակարգը սխալվի՞, կամ խափանում տեղի ունենա՞։ Դրա համար էլ մասնագետները փաստում են՝ որքան ավելի վաղ հայտնաբերենք վտանգը տիեզերքում, այնքան ավելի հեշտ կլինի դրա դեմն առնելը։ Իսկ լավագույն տարբերակը, իհարկե, այն է, որ աստերոիդը ինքը հեշտացնի մարդկության աշխատանքը՝ մոտենալով, բայց որևէ վնաս չպատճառելով մեր երկնագույն մոլորակին։ Այդպես վարվեց «Ապոֆիսը»։
ԲիԲիՍի-ն փաստում է, որ առաջ գիտնականներն այդ աստերոիդը դասում էին մեզ համար ամենամեծ վտանգը ներկայացնող երկնաքարերի շարքին։ Միգուցե հենց այդ պատճառով «Ապոֆիսը» ստացել է հին եգիպտացիների խավարի և քաոսի աստծո անունը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ այս տարվա մարտ ամսին, երեք ֆուտբոլային խաղադաշտի չափ մեծությամբ «Ապոֆիսը» մոտեցավ երկրագնդին։
Տարածությունը, ճիշտ է, բավական մեծ էր՝ 17 միլիոն կիլոմետր, բայց դա էլ հնարավորություն տվեց մասնագետներին ամենայն մանրամասնությամբ հաշվարկել «Ապոֆիսի» հետագա շարժման ուղղությունը, ինչը ինձ թույլ է տալիս նյութն ավարտել լավատեսական լուրով՝ առնվազն առաջիկա 100 տարվա ընթացքում խավարի և քաոսի աստծո անունը կրող աստերոիդը մեզ չի սպառնա։ Համաձայնե՛ք, իրոք լավ լուր, քանզի հիմա մեր արտաքին և ներքին սպառնալիքներն առանց «Ապոֆիսի» էլ անպակաս են։