ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Կապանի քաղաքացիական կացության ակտերի գրանցում (ՔԿԱԳ) բաժինը հիմնովին նորոգված սրահում հոկտեմբերի 10-ին կատարել է ամուսնական առաջին զույգի գրանցումը։ Տեղեկությունը հայտնում են Կապանի քաղաքապետարանից։
Տեղեկացվում է, որ նախաձեռնությունը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին է` ամուսնության գրանցման արարողությունն ավելի հանդիսավոր և շքեղ պայմաններում անցկացնելու մտադրությամբ։
Կապանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը
Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 73 349 280 ՀՀ դրամ, որից Կապան համայնքի ներդրումը՝ 55% է կամ 40 342 104 դրամը, իսկ ՀՀ կառավարության ներդրումը՝ 45% կամ 33 007 176 ՀՀ դրամ։
Վերանորոգված ԶԱԳՍ–ում առաջինն ամուսնական գրանցում ստացավ Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Անի Մելիքսեթյանը։ Նա միություն կազմեց Զորայր Գալստյանի հետ։
Կապանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը
Այսուհետ, ամուսնացող անձանց ցանկությամբ, ամուսնության պետական գրանցումը կկատարվի հիմնովին նորոգված և արդիական տեսք ստացած սրահում։
Նորաբաց շենքում իրականացված անդրանիկ միջոցառմանը մասնակցում էին նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Կապանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը
Նշենք, որ հիմնանորոգման ծրագիրը կյանքի է կոչվել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։