Ինչպես է Սաակաշվիլին կարողացել հատել Վրաստանի սահմանը. մանրամասներ

Միխեիլ Սաակաշվիլի
Պարզվել է, որ Վրաստանի նախկին նախագահը հայրենիք է մեկնել կոնտեյներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկրի սահմանը կարողացել է հատել Ուկրաինայից Վրաստան ուղևորված «Վիլնյուս» լաստանավով, կոնտեյներում թաքնված։ Տեղեկությունը հայտնում է «Վզգլյադը»՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին։
Ըստ տեղեկությունների` Սաակաշվիլին վրացական Փոթի է հասել սեպտեմբերի 29-ին։
Վրացի վերլուծաբան Մամուկա Արեշիձեի կարծիքով՝ Սաակաշվիլին լուրջ սխալ է թույլ տվել, որ վերադարձել է հայրենիք. նրա մեղադրանքներին ավելացել է նաև սահմանի ապօրինի հատումը։
«Բացի դրանից, նախկին նախագահին վայել չէ մթերք տեղափոխող կոնտեյներով տեղափոխվելը», – «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում ասել է փորձագետը:
Սաակաշվիլին պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել ԶԼՄ-ների ներկայությամբ. փաստաբան
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։
Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։
Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտից
Այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։