ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Արդեն հայտնի է այսօր կայանալիք Ռումինիա-Հայաստան խաղում մեր թիմի մեկնարկային կազմը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Facebook-ի պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ մեկնարկային կազմում դաշտ դուրս կգան Յուրչենկոն, Տերտերյանը, Ոսկանյանը, Հարոյանը, Կ. Հովհաննիսյանը, Ուդոն, Ա. Գրիգորյանը, Սպերցյանը, Բարսեղյանը, Մխիթարյանն ու Բայրամյանը։
Նկատենք, որ Իսլանդիայի դեմ հանդիպման համեմատությամբ մարզիչը մեկնարկային կազմում երկու փոփոխություն է կատարել՝ Լուկաս Սալարյանն ու Սարգիս Ադամյանն այս անգամ մեկնարկային կազմում չեն, նրանց փոխարեն ընդգրկվել են Արտակ Գրիգորյանն ու Խորեն Բայրամյանը։
Խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։
Նշենք, որ աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում մարտի 31-ին կայացած Հայաստան-Ռումինիա խաղում հայկական ընտրանին 3:2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի թիմի նկատմամբ։
Պատասխան խաղը Բուխարեստում կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22.45-ին։