ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում երկաթբետոնե կառուցատարը շրջվել է 9–ամյա Է․Ե․-ի վրա։ Տղան մահացել է։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկությունը ստացվել է հոկտեմբերի 11-ին, ժամը 00։10-ին։ Հայտնել են, որ Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում. երեխան մնացել է փլատակների տակ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
«Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 52/5 հասցեում՝ ավտոտնակների մոտակայքում, երկաթբետոնե կառուցատարրը շրջվել է քաղաքացի Է․ Ե․-ի (ծնված 2012 թ․) վրա, ով մահացել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փրկարարներն Է․ Ե․-ի դին դուրս են բերել երկաթբետոնե կառուցատարրի տակից։