ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Տանը կամ բակում շուն և կատու պահող բոլոր երևանաբնակները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն իրենց կենդանիներին։ Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Երևանի ավագանու նոր որոշմամբ՝ կենդանիները ոչ միայն պետք է հաշվառված լինեն, այլև նրանց անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջ է ներկայացվում։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի խոսքով՝ սա քաղաքացիների և կենդանիների անվտանգության համար է։
Առանձին կետով սահմանվում է նաև թույլտվությունների տրամադրման գործընթացը։
«Նոր փոփոխություններով խնամողները պարտավոր են գրանցել իրենց շներին և կատուներին, տանը պահվող կենդանիներին վարչական շրջանների աշխատակազմերում, որտեղ կլինեն հատուկ աշխատակիցներ: Այս որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ` կենդանին փողոցում հայտնվելու դեպքում գտնել տիրոջն ու վերադարձնել: Իսկ վերջնական նպատակը, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է, որից հետո հեռանկարում հնարավոր կլինի ստեղծել կացարաններ»,- որոշումն այսպես է հիմնավորում Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանը:
Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար անհրաժեշտ է կենդանու անանսանաբուժական անձնագիր՝ պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններով։
Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Քաղաքապետարանն ընդգծում է, որ աա աշխարհում վաղուց արդեն ընդունված գործընթաց է։ Դրա շնորհիվ մարդիկ կարողանում են անգամ շրջագայել իրենց կենդանիների հետ:
Անասնաբույժ Լիանա Վանագանի խոսքով՝ չիպի տեղադրումը որևէ վնաս չի տալիս կենդանուն: Նունականացման համարը հնարավոր է ստուգել հատուկ սարքի միջոցով:
Հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում։ Քաղաքային իշխանությունների կարծիքով՝ սա նարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում: Կարծում են, որ այս որոշմամբ կկրճատվի թափառող կենդանիների թիվը քաղաքում։
Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար քաղաքացիներից որևէ գումար չի պահանջվում: Սահմանված տեղական տուրքն առայժմ չի գանձվի ո՛չ այս, ո՛չ էլ հաջորդ տարի: Իսկ հետագայում նախատեսվում է արտոնություներ սահմանել մասնավորապես որդեգրված կենդանիների տերերի համար:
Փոխարենն այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին, ստիպված կլինեն կանոնների խախտման համար տուգանք վճարել: