ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանների այսօրվա հայտարարությունը ազդակ է իշխանություններին։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Տոնոյանի փաստաբանների հայտարարությունը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Մեսիջը կարծես թե շատ ակնհայտ է, կարծում եմ` առաջիկայում հայտարարություն կտարածվի, որ, ենթադրենք, վերաքննիչ բողոք է ներկայացվել,– ասաց նա,– ես կարծում եմ, որ սա դեռ միայն ազդակն է, ժողովրդական լեզվով ասած` աչքով են տալիս»։
Տոնոյանի պաշտպաններն այսօր հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասված էր. «Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր և պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և, տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի, այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»:
Լրագրողների դիտարկմանը, թե այս կերպ իշխանությանը գործարք է առաջարկվում պատերազմում պարտության առնչությամբ լռելու համար, Վարդևանյանը պատասխանեց. «Ամեն դեպքում մենք խոսում ենք պաշտպանության այն նախկին նախարարի մասին, որը միայն անորակ զենքի հետ առնչություն ունի, ըստ ԱԱԾ-ի, այլ ՀՀ ամբողջ անվտանգության ու պաշտպանության ամենախայտառակ, ամենածանր, ամենադաժան էջերի հետ»։
Այդուհանդերձ, իրավաբան պատգամավորը նաև շեշտեց, որ որոշակի տեղեկությունների տիրապետելը և դրանք դիտավորությամբ չհայտնելը կարող է առաջացնել քրեաիրավական հետևանքներ` միաժամանակ վստահություն հայտնելով, որ Տոնոյանի փաստաբաններն էլ այդ մասին շատ լավ գիտեն։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ին Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։