ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հեմոգլոբինի մակարդակի հսկողությունը թույլ է տալիս վաղ փուլերում շատ վտանգավոր հիվանդություններ բացահայտել ու ավելի շուտ սկսել բուժումը: Բացի այդ, արյան ցուցանիշների նորմայից երկարատև շեղումները կարող են լուրջ բարդությունների հանգեցնել:
Անեմիան հեմոգլոբինի պարունակության նվազումն է և/կամ արյան ծավալի մեկ միավորի մեջ արյան կարմիր բջիջների քանակի նվազումը, որը հանգեցնում է թթվածնի հյուսվածքների մատակարարման նվազմանը:
Անեմիան հիվանդություն չէ, դա ընդամենը ախտանիշ է, այսինքն՝ տարբեր պաթոլոգիաների հետևանքով առաջացած ախտանիշների խումբ: Անեմիայի հիմնական նշաններն են՝ գունատ մաշկ ու լորձաթաղանթ, թուլություն և հոգնածություն, գլխացավեր և գլխապտույտ, վատ շնչառություն, քնի խանգարումներ։
Անեմիայի հետևանքները
Եթե օրգանիզմում երկար ժամանակ հեմոգլոբինի մակարդակի պակաս կա, ապա դա կարող է ազդել ոչ միայն ընդհանուր առողջության վրա, այլև խաթարել բոլոր օրգանների աշխատանքը։
Երբ օրգանիզմը թթվածնի պակաս է զգում, առաջանում են պաթոլոգիական փոփոխություններ, շնչառական ֆունկցիայի խանգարում, սրտի մկանների աշխատանքի խանգարում, աթերոսկլերոզ։
Հեմոգլոբինի չափազանց ցածր մակարդակը կարող է հանգեցնել նյարդային համակարգի աշխատանքի խանգարման (որպես հետևանք՝ դեպրեսիա և ապատիա), լյարդի մեծացում ու դրա գործունեության խանգարում:
Ինչպե՞ս խուսափել անեմիայից
Անեմիայի զարգացումից խուսափելու համար պետք է պարբերաբար բարձր սպիտակուցային սնունդ ընդունել։ Դրանք են՝ ձու, պանիր, կաթնաշոռ, ձուկ, տավարի միս, ինչպես նաև երկաթով հարուստ ձավարեղեն՝ կորեկ, վարսակի փաթիլներ, հնդկաձավար: Եվ, իհարկե, մրգեր։ Երկաթի դեֆիցիտով անեմիան կանխելու հարցում օգնում է խնձորը, ծիրանը, խուրման և այլ մրգերը։
Անեմիայի կանխարգելման համար անհրաժեշտ է պարբերաբար արյան հետազոտություն հանձնել (տարեկան առնվազն 1 անգամ):
Ի՞նչ է հեմոգլոբինը և ինչ գործառույթ է կատարում
Հեմոգլոբինը ձևավորվում է արյան կարմիր գնդիկներում կամ այլ կերպ ասած՝ էրիթրոցիտներում, դրանց զարգացման վաղ փուլում: Յուրաքանչյուր շունչ հագեցնում է թթվածնով մեր արյան այդ բջիջները։ Բայց շնչառության ընթացքում էրիտրոցիտները միայն «տրանսպորտի» դեր են կատարում հեմոգլոբինի համար։ Հենց հեմոգլոբինն է կարողանում միանալ թթվածնի մոլեկուլներին ու «փոխանցել» դրանք կարիքավոր հյուսվածքներին, ինչպես նաև նշանակման կետից (հյուսվածքից) վերցնել ածխաթթու գազը և հակառակ ճանապարհով հասնել թոքերին։