ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հայ ֆուտբոլիստները դաշտ դուրս չեն գալիս ոչ ոքի խաղալու համար, այս անգամ էլ ամեն ինչ անելու են հաղթելու համար։ Բուխարեստում Ռումինիա-Հայաստան հանդիպումից առաջ՝ նախախաղային ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը։
«Կարող եմ ասել, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է, առաջին խաղում զգացինք նրանց ուժը։ Փորձենք մաքսիմալ կենտրոնանալ, որ կարողանանք լավ արդյունքի հասնել»,- նշեց ֆուտբոլիստը։
Նա հավելեց, որ Իսլանդիայի դեմ նախորդ խաղից հետո թիմը տխրել էր, որովհետև կարող էին հաղթել, բայց հիմա արդեն մոռացել են այդ մասին և կենտրոնանում են այս խաղի վրա։
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն էլ նշեց, որ ռումինացի ֆուտբոլիստների հետ աշխատելու առիթներ ունեցել է Իսպանիայում և հաճույք է ստացել այդ աշխատանքից։
«Ռումինայի դեպքում պետք է առանձնացնել թիմային խաղը. նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ են խաղում։ Դա ամենավտանգավորն է մրցակիցների համար»,- ասաց Կապառոսը։
Նշենք, որ աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում մարտի 31-ին կայացած Հայաստան-Ռումինիա խաղում հայկական ընտրանին 3:2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի թիմի նկատմամբ։
Պատասխան խաղը կկայանա Բուխարեստում հոկտեմբերի 11-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22.45-ին։