ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վենետոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի, Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են հայ–իտալական հարաբերություններին վերաբերող հարցեր։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վենետոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն
© Photo : official site of the President of RA
ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել հյուպատոսարանի գործունեության և իրականացվող աշխատանքների մասին։ Նա նշել է, որ նախագահ Սարգսյանի պետական այցն Իտալիա և հարաբերությունների զարգացման երկկողմ հանձնառությունը նոր ուժ ու վստահություն կհաղորդեն հայ համայնքին։
Հայ–իտալական կապերի խորացման համատեքստում քննարկվել են նաև Վենետիկի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին պետական այցով մեկնել է Իտալիա: Նրանց հրավիրել էր Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան: