Հայաստանում նոր դասագրքեր են ստեղծվել, որոնք նաև «խոսում են» աշակերտների հետ

Մի քանի դպրոցներում տարբեր առարկաներից նոր դասագրքեր են փորձարկվում, որոնք հաջող ընթացք ունենալուց հետո համատարած կիրառում կունենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Հայաստանյան մի շարք դպրոցներում որոշ առարկաներ այժմ նոր` փորձնական դասագրքերով են ուսուցանվում, որոնք նաև «խոսում են» աշակերտների հետ։ Փորձնական դասագրքեր կան 7-րդ դասարանի «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն», «Գրականություն» և այլ առարկաներից։
Կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` գականության նոր դասագիրքն, օրինակ, ինքը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն են հեղինակել։

«Այս դասագիրքը նախապես ներկայացվել է ուսուցիչներին, որոնք իրենց դիտարկումներն ու կարծիքներն են ներկայացրել։ Բացի այդ, ուսուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել, այսինքն` մինչև հրատարակվելը ճանապարհ են անցել դրանք։ Ընդ որում, արձագանքը շատ բուռն էր` բոլորը ցանկություն ունեին նոր դասագրքեր փորձարկելու։ Սա շատ հաճելի էր, քանի որ մեծամասամբ սվիններով են ընդունում փոփոխությունները»։

Արսեն Վարդանյան
Կրթության փորձագետ, մանկավարժ
Նրա խոսքով` նոր դասագրքերի դեպքում լավն այն է, որ կան մի քանի հրատարակչությունների դասագրքեր և դպրոցն ինքն է ընտրելու` որ հրատարակչության դասագրքով անցնել առարկան։
Վարդանյանը նշում է, որ դասագիրքը մի շարք առանձնահատկություններ ունի` բուն նյութին զուգահեռ լուսանցքներում տրվում է լրացուցիչ ինֆորմացիա, դասագրքի լեզուն պարզեցվել և երեխայի տարիքային առանձնահատկություններին է հարմարեցվել...
Այսպիսով, ըստ նրա, գրականությունը դառնում է հետաքրքիր և գրավիչ առարկա, այլ ոչ թե անգիրներ անելու, պատմելու դաս։
Գիտնականները Երկրի ևս մեկ շերտ են բացահայտել. դասագրքերի վերաշարադրո՞ւմ կպահանջվի
Ինչ վերաբերում է նորամուծությանը, ապա նոր դասագրքերում նաև քյուառ կոդեր կան, որոնք լրացուցիչ նյութեր են պարունակում։ Անհրաժեշտ է միայն հեռախոսը պահել քյուառ կոդի վրա, ու կարելի է լսել գրողի կյանքի պատմությունը կամ նրա մասին պատմող ինչ–որ ֆիլմ դիտել։

«Քանի որ ժամանակակից տեղեկատվական սարքերը մեծ հնարավորություն են տալիս ֆիլմեր դիտելու, նյութեր բեռնելու, մենք այդ ամենը բերել ենք դասագիրք և ավելի հեշտացրել աշակերտի աշխատանքը։ Ճիշտ է, դասի ժամանակ հեռախոս օգտագործել չի կարելի, սակայն դասից դուրս այն մեծ տեղ ունի աշակերտների կյանքում, և մեր նպատակն է, որպեսզի հեռախոս օգտագործելը լինի տեղին, գիտելիքին ուղղված»։

Արսեն Վարդանյան
Կրթության փորձագետ, մանկավարժ
Ի դեպ, Վարդանյանը նույնպես նոր դասագրքով է դասավանդում և նշում է, որ երեխաները մեծագույն ոգևորվածությամբ են սովորում. օրինակ` մեկ դասաժամ մեկ բանաստեղծության վրա են աշխատել և առանց հոգնելու բառային աշխատանքներ, պատկերավորման միջոցների հետ կապված ստեղծագործելու, համադրելու փորձեր են արել։
Դպրոցական դասագրքերը կփոխվեն. առաջինը նոր գրքերով կսովորեն Տավուշի աշակերտները
Վարդանյանն ասում է, որ դասագրքում մեթոդական առումով ներդրել է այն, ինչ տարիներ շարունակ փորձարկել է իր մանկավարժական պրակտիկայում, այսինքն` չկա մեթոդ, որը ստեղծվել է ենթադրության հիման վրա։ Նա հավելեց նաև, որ նոր դասագիրք ստեղծելու պատճառը ոչ թե եղել է այն, որ նախկին դասագրքերը վատն են, այլ ուղղակի յուրաքանչյուր ժամանակահատված պետք է իր կարիքներից բխող դասագիրքն ունենա։
Նշենք, որ գրքերը հրատարակելու գաղափարն «Անտարես» և «Զանգակ» հրատարակչություններինն է, դրանք կազմել են տարբեր մասնագետներ։