ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է այսօր Մարտակերտում Ադրբեջանի ԶՈւ–ի դիպուկահարի կրակոցով արցախցի խաղաղ բնակչի սպանությունը:
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նաև խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։
Հիշեցնենք` այսօր` հոկտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ․)։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:
Սպանության փաստով քրգործ է հարուցվել։