ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Բրիտանական The Telegraph պարբերականը կորոնավիրուսի Sars-Cov-2 վարակի ծագման նոր վարկած է ներկայացրել։ Ըստ թերթի` վարակն ի հայտ է եկել ոչ թե 2019թ-ին, ինչպես կարծում են ամբողջ աշխարհում, այլ դրանից 7 տարի առաջ՝ դեռ 2012 թվականին, երբ Յունան նահանգից վեց չինացի հանքափորների մոտ հայտնաբերվել էր թոքաբորբի նման հիվանդություն:
Նրանցից երեքը մահացել էին, մյուսները՝ մնացել հիվանդանոցում շուրջ վեց ամիս: Այն հանքերում, որտեղ նրանք աշխատում էին, գիտնականները հայտնաբերել են RaTG13 չղջիկի կորոնավիրուսը, որն 96% -ով նույնական է Sars-Cov-2- ին:
Պարբերականը գրում է, որ վիրուսների նմուշները, որոնք ազդել են հանքափորների վրա, ուղարկվել են Ուհանի լաբորատորիա: Ենթադրվում է, որ այդ նմուշներից հետագայում տեղի ունեցած արտահոսքի հետևանքով էլ 2019թ-ին սկսվեց կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը:
SARS-CoV-2 -ն առաջին անգամ հայտնաբերվեց 2019 թվականի դեկտեմբերին Ուհանում՝ թոքաբորբ ունեցող հիվանդի նուկլեինաթթվի վերլուծության արդյունքում: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց անհայտ պաթոգենի հարուցած վիրուսային թոքաբորբի մի քանի դեպքերի մասին։
Իսկ 2020 թվականի հունվարի 7-ին նոր վիրուսի մասին տեղեկատվությունը հաստատվեց, և այն դասվեց կորոնավիրուսների շարքին:
Հունվարի 22-ից Ուհան քաղաքում կարանտին հայտարարվեց, դադարեցվեց ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը, քաղաքի մուտքն ու ելքն արգելափակվեցին: Բայց վարակի տարածումը Չինաստանում ու դրա սահմաններից դուրս կանխել չհաջողվեց:
2020թ–ի մարտի 11-ին ԱՀԿ-ն աշխարհում հայտարարեց կորոնավիրուսի համավարակ: