ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Բաթումի բնակիչը տան փլուզման հետևանքով կորցրել է երկու երեխաներին, կնոջն ու եղբորը։
Ինչպես հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ ականատեսները պատմել են, որ տղամարդը երեխաներից մեկին դպրոց է տարել։ Բնակարանում մնացել են կինը, մյուս երկու երեխաները և եղբայրը, որ արտերկրից նրան հյուր էր եկել։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ զոհի մարմին: Այսպիսով, ողբերգության զոհերի թիվը հասել է 9-ի։ Ենթադրվում է, որ փլատակների տակ այլևս ոչ ոք չկա։
Ինչպես արդեն հայտնել ենք` երեկ` հոկտեմբերի 8-ի ցերեկը, փլուզվել է Բաթումի մայիսի 26-ի փողոցում գտնվող 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը: Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը փլուզման գործով ձերբակալել է երեք մարդու՝ առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը և երկու բանվորներին, որոնք այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին կատարում:
Գերատեսչության տվյալներով՝ նրանք վերանորոգման աշխատանքներն իրականացրել են անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է տան մասնակի փլուզմանը: Հանցագործության համար նախատեսված է պատիժ՝ երկուսից տասը տարի ժամկետով ազատազրկման տեսքով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 11-ը հայտարարել է սգո օր: